«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
-Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական աշնան մաքսային սկիզբը:
-Օրինաչափ: Այդպես էլ պետք է լիներ, միայն արտաքուստ էր թվում, թե հուլիսին ավարտելով Եվրամիության հետ բանակցությունները` Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում նախաստորագրելու է ասոցացման համաձայնագիրը: Ես միշտ էլ ասել եմ, որ Հայաստանը նախընտրելու է Եվրասիական միությունը:
-Ինչո՞ւ էր, ուրեմն, Արևելյան հարևանության քաղաքականության մեջ ընդգրկվում, բանակցում տարիներով, եվրաինտեգրումը քաղաքականության հիմք հայտարարում: Հարկադրակա՞ն էր Մաքսայինի նախընտրությունը:
-Ամենահեշտ բացատրությունը հարկադրանքն է: Իսկ ինչո՞ւ և ինչպե՞ս հնարավոր դարձավ հարկադրանքը: Այդ հարկադրանքը հնարավո՞ր չէր կանխատեսել ու չեզոքացնել: Ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան իրավիճակը հարկադրանքով բացատրելը: Նախագահական ընտրություններից հետո անընդհատ սպասվում էր, որ քաղաքական դաշտում որոշակիություն է մտնելու, բայց որոշակի դարձավ միայն այն, որ քաղաքական ուժերը հմտորեն մղվեցին երկրորդ պլան, իսկ առաջ եկան հասարակական շարժումները, որոնք քաղաքական պահանջներ չեն առաջադրում, լուծում են լոկալ խնդիրներ: Այս քայլով դաշտը հստակվում է: Անորոշության պատճառներ այլևս չկան` ռուսամետները տոնում են իրենց հաղթանակը, թեպետ հաղթողի տպավորություն չեն թողնում, մի քանի դաշտերում միաժամանակ խաղացողները հարկադրված են կոնկրետանալ մեկ հատվածում, ավարտվում է իշխանամետ լինելով ընդդիմադիր խաղեր տալու ժամանակը: Վերջապես կսահմանազատվեն իշխանությունն ու ընդդիմությունը, նրանց միջակայքում հարմար տեղավորված քաղաքական ուժերը: Արդեն ուրվագծվում են և հետագա քայլերը: Իշխանությունը գնում է դեպի հերթական ձևական կոալիցիայի ստեղծում, իշխանական բուրգում կգտնվեն տարբեր տրամաչափի պաշտոններ` բոլոր կուսակցություններին դժգոհ չթողնելու համար, իսկ խաղը կավարտվի կառավարության նոր կազմով, որը կաշխատի հին մեթոդներով: Համակարգային որևէ փոփոխություն այս իշխանությունը ի զորու չէ անելու, և հենց դա է ասոցացման համաձայնագրից հրաժարվելու իրական պատճառը, այլ ոչ թե հարկադրանքը:
-Իսկ Ղարաբաղի հիմնահա՞րցը:
-Ես դեմ եմ, երբ Ղարաբաղի հիմնահարցը ներկայացնում են Հայաստանի աքիլլեսյան գարշապար: Հակառակը` Ղարաբաղը Հայաստանի ուժի ու հաղթելու կարողության ապացույցն է, և այսօր բոլորովին այն իրավիճակը չէ, որ հնարավոր դառնա Ղարաբաղը օգտագործել Հայաստանի դեմ ճնշման միջոց: Պատերազմի սպառնալիքները տարիներ շարունակ հնչում են և իրականություն կդառնան միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը 100 տոկոսով հավատացած լինի, որ հաղթելու է իր սկսած պատերազմում, այդպիսի երաշխիք նույնիսկ Ռուսաստանը չի կարող Բաքվին տալ: Ղարաբաղի խնդիրը ընդհանրապես շահարկվում է` հիմնավորելու Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումները: Ինչ-որ պատճառ պիտի լինի, և Ղարաբաղի խնդիրը հռչակվել է այդ պատճառը, որպեսզի բացատրվի, թե ինչու մեր կյանքը չի ստացվում:
-Ռուսաստանի խնդիրը հասկանալի է, իսկ ի՞նչ է անելու Եվրոպան:
-Ռուսաստանի խնդիրը Հայաստանին իր ազդեցության դաշտում պահելն է, որովհետև տարածաշրջանում նրան հենակետ է պետք իր ռազմական ներկայության համար: Ժամանակին, երբ Գյումրիի ռազմաբազայի ժամկետը երկարաձգվում էր, ես առիթ ունեցել եմ այդ գործարքի ամբողջ վտանգավորությունը ներկայացնելու: Դա ուղիղ հարված է Հայաստանի անկախությանը: Ի՞նչ է անելու Եվրոպան: Ավելի ճիշտ` Արևմուտքը: Արդեն հստակ ասվեց, որ կիսահղի չեն լինում. կամ Մաքսային միություն, կամ Եվրամիություն: Հայաստանի իշխանությունը դեռ հիմա էլ փորձում է իր վարած ապաշնորհ քաղաքականությունը իմաստուն ներկայացնել` և-և-ի սկզբունքով: Չի լինում և-և, երբ այդ «և»-երը առանձին-առանձին միմյանց հետ համերաշխ չեն: Կա կամ-կամ: Ասվեց, որ Հայաստանը նախընտրում է Մաքսային միությունը, հետո էլ` Եվրասիական միությունը: Դա նշանակում է, որ Հայաստանի գործող նախագահը իր ձեռքով փակում է դուռը, որը երկիրը տանելու էր դեպի նորմալ զարգացում: Կորցնողը մենք ենք, Եվրոպան չի կորցնում: Այնուհանդերձ, կարծում եմ, որ Արևմուտքը շարունակելու է Հայաստանը պահել իր ուշադրության դաշտում, պարզապես շեշտադրումների փոփոխություն է լինելու: Իշխանությունն ապացուցեց, որ ինքը գործընկեր չէ, գործընկեր կարող են լինել այն քաղաքական ուժերը, ովքեր գնահատում ու հասկանում են զարգացման արևմտյան ճանապարհի նշանակությունը: Եվ դա այն ճիշտ ընտրությունը կլինի, որ պիտի արվեր շատ ավելի շուտ:
-Կարծում եք, որ քաղաքական դաշտում կա՞ն նման կենսունակ ուժեր:
-Կենսունակությունը որոշվում է իրավիճակին համարժեք լուծումներ տալու կարողությամբ: Առավել կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը այսուհետ ձերբազատվում է պատրանքներից ու հստակ պատկերացում է ձևավորում թե դարավոր բարեկամ Ռուսաստանի իրական մտադրությունների, թե Արևմուտքի իրական ձգտումների, թե սեփական հնարավորությունների մասին: Հենց այդ իրողությունն է այն հողը, որի վրա քաղաքական ուժերը համախմբվելու իմաստ ու հեռանկար ունեն: Քաղաքական ռոմանտիզմը երկար ժամանակ է բոլորիս մոլորեցրել` հավատացնելով, որ համախմբումը հնարավոր ու բավարար է` հաղթանակի հասնելու համար: Քանիցս համոզվեցինք, որ այդպես չէ: Համախմբումը նպատակ, գործողությունների ծրագիր ու փոփոխությունների ոչ միայն ցանկություն, այլև մեխանիզմներ ունենալու դեպքում է միայն հաջողվում ու հաջողության հասցնում: Երբ Արևմուտքը համոզվի, որ Հայաստանում կան համակարգային փոփոխությունների պատրաստ ուժեր, երբ Հայաստանը իսկապես իր արժեքային համակարգով պատրաստ լինի այդ փոփոխությանը, կլինի և արտաքին աջակցությունը: Այլապես ինչպես մինչև այժմ Հայաստանին Արևմուտքի հատկացրած ֆինանսական միջոցներն են փոշիացել կամ էլ կոռումպացվածության մակարդակը բարձրացրել, այնպես էլ այս պայմաններում որևէ քաղաքական աջակցություն հանգեցնելու է ընդամենը անձերի փոփոխության, որից, հավատացած եղեք, ոչինչ էլ չի փոխվելու:
-Այնուհանդերձ, չմոռանանք իշխանությանը, որ ամրագրվելով հետխորհրդային տարածքում` ինքնավերարտադրման բոլոր հնարավորություններն օգտագործելու է:
-Իհարկե: Ես կարծում եմ, որ քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիրը համակարգային փոփոխությունների հասնելն է: Համակարգային փոփոխություններ հնարավոր չեն առանց իշխանափոխության, ուստի իշխանությունը պիտի գործադրի պաշտպանական բոլոր մեխանիզմները` վտանգելով Հայաստանի անկախությունը, իր իշխանությունը պահպանելն ու իրավահաջորդին հանձնելը գերադասելով պետական շահից` անկախ ընտրություններով իշխանություն ձևավորելուց, մոնոպոլ տնտեսությունից շահույթներ ունենալուց, որոնց կուտակումը շարունակելն ավելին է, քան երկրի տնտեսության դիվերսիֆիկացումը: Ո՞ր երկրների իշխանություններն են անվերջ վերընտրվում կամ իշխանությունը հանձնում իրավահաջորդին: Նրանք, ովքեր ընտրել են զարգացման եվրասիական մոդելը: Այդ շրջանակից դուրս եկած երկրներում իշխանությունները փոխվում են: Ամենանվիրյալ Սաակաշվիլին անգամ փոխվեց: Մենք արագ հուսավառվում ու արագ հիասթափվում ենք, իսկ քաղաքականությունը տևական ու մանրակրկիտ աշխատանք է, որ հաջողություն խոստանում է նրան, ով պատրաստ է երկար մրցավազքի: Որ իշխանությունները բոլոր հնարավորություններն օգտագործելու են, վկայում է նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծումը: Դիմադրության չհանդիպելու դեպքում իշխանությունը փորձելու է նախագահական կառավարման մոդելից անցնել խորհրդարանական կառավարման, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն կտա ևս 10 տարի մնալ պետության ղեկին` իբրև վարչապետ` հերթական խորհրդարանական ընտրություններում շշմեցնող արդյունքներով «հաջողություններ» գրանցած ՀՀԿ-ի նախագահ լինելով:
-Կարծում եք, որ ՀՀԿ-ն սահմանադրական փոփոխություններին կո՞ղմ է լինելու:
-ՀՀԿ-ն դեմ չի լինելու Սերժ Սարգսյանին, մնացածը կարևոր չէ:
-Ինչո՞վ եք բացատրում, որ ՀՀԿ-ի փոխնախագահը առավոտյան ասում էր, որ Հայաստանը ստորագրելու է ասոցացման համաձայնագիրը, իսկ նախագահը կեսօրին հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին: Կուսակցության դիմազրկում չէ՞, երբ տեղեկացված չեն անգամ նման կարևոր իրադարձության մասին:
-Ոչ, բոլորովին, կարծում եմ` Սերժ Սարգսյանը հոգատարություն է դրսևորել հարազատ կուսակցության նկատմամբ հենց չդիմազրկելու նպատակով: Հիմա նրանք կարող են ասել, որ տեղյակ չէին, նախագահը միանձնյա որոշում է կայացրել, հակառակ դեպքում ստիպված էին բացատրել, թե ինչու ու ինչպես համաձայնեցին այդ որոշմանը, որ շատ ավելի դժվար է, եթե նկատի ունենանք, թե եվրաինտեգրման կարևորության ու անհրաժեշտության մասին ինչ հավաստիացումներ են տրվել մինչև հիմա: Իսկ սահմանադրական փոփոխություններ իրականում Հայաստանին պետք չեն: Բոլորովին կարևոր չէ` նախագահական, թե խորհրդարանական ընտրություններն են կեղծվում, կարևորը, որ ընտրողը ազատ ընտրության հնարավորություն ունենա: Ցավոք, այս դեպքում Սահմանադրությունը գեղեցիկ կամ տաղտկալի ձևակերպումներով փաստաթղթից ավելին չէ, որ ոչինչ էլ չի որոշում: Սահմանադրական փոփոխությունների ամբողջ խաղը հերթական անգամ հնարվում է հասարակությանը կեղծ խոստումներ տալու ու զբաղեցնելու մտադրությամբ, նաև արտաքին աշխարհի առաջ ժողովրդավարական դառնալու ձգտումներ ձևացնելու համար:
-Լավ, ամփոփենք, ի՞նչ ունենք սեպտեմբերի սկզբին իբրև քաղաքական կյանքի ելակետ:
-ՈՒնենք հայտարարություն, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային, հետո նաև Եվրասիական միությանը, բայց այդ ցանկությունը կարող է մնալ ձևական, քանի դեռ կայացած չեն միությունները: ԵՄ պաշտոնյաներն արդեն արձագանքեցին, որ Հայաստանը չի կարող երկու միությունների անդամության հավակնություններ ունենալ, բայց դուռը փակված չէ, պատրաստ են շարունակելու քննարկումները: Սա, իհարկե, քաղաքավարական ժեստ էր, որովհետև եթե ասոցացման համաձայնագիրը Սերժ Սարգսյանը չի ստորագրում, իսկ նա արդեն իր ընտրությունն արել է, ուրեմն արևմտյան աշխարհի ավանսով տված վստահությունը մերժում է, ամբողջությամբ տեղափոխվում է այլ բևեռ, վերջանում են թե խաղը, թե կոմպլեմենտարությունը:
-Ի՞նչ պիտի անի ընդդիմությունը:
-Կարող եմ ասել` ի՞նչ է անելու «Հանրապետություն» կուսակցությունը: Առաջիկայում սկսում ենք խորհրդակցություններ այն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական գործիչների հետ, որոնք Հայաստանի զարգացումը տեսնում են եվրոպական չափանիշների համաձայն: Այն ընդդիմադիր ուժերը, որ կհամախմբվեն եվրաինտեգրման գաղափարի շուրջը, կունենան արտաքին քաղաքական աջակցություն: Եթե ունենան նաև հասարակական աջակցություն, կարող են լուրջ մարտահրավեր նետել գործող իշխանությանը: Վստահ եմ, որ այդ դեպքում կրակոցներով խնդիրներ չեն լուծվի: Ես չեմ կարծում, որ ամեն ինչ ավարտվեց: Բնավ, Հայաստանի իրական քաղաքական ու տնտեսական անկախության համար պայքարը նոր փուլ է մտնում, որտեղ բոլորս բավականին փորձ ենք ձեռք բերել և ավելորդ շարժումներ չենք անելու, այլ միայն նպատակային ու արդյունքներ տվող:
-Ո՞րն է այդ խորհրդակցությունների նպատակը:
-Նպատակը պարզ է` քաղաքական ուժերի և հասարակության ճնշմամբ հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետությունը նախաստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը` հուլիսին համաձայնեցրած տարբերակով, իսկ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունը մնա լոկ ցանկություն ու քաղաքավարական ժեստ:
-Հաջողության հավանականությունը որքա՞ն է:
-Հաջողությունը իշխանափոխության և համակարգային փոփոխությունների իրականացումն է, իսկ ճանապարհը հաղթահարում է գնացողը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ